3/7/14

Հայերեն էլ. գրքեր




Այսօր, երբ համարյա ամեն ոք ունի համակարգիչ կամ որևէ այլ սարք (հեռախոս, պլանշետ կամ ընթերցիչ), որով կարելի է գիրք կարդալ, հրամայական է դարձել , որքան հնարավոր է շատ, հայերեն էլեկտրոնային գրքեր պատրաստելն ու ազատորեն տարածելը, հատկապես Հայաստանում, ուր մարդկանց մեծամասնությունը պարզապես անկարող է գիրք գնել։

Համացանցում կան հայալեզու գրականություն տրամադրող էլեկտրոնային գրադարաններ (ցանկը տես՝ սեղմելով մեր բլոգի աջակողմյան սյունակում գտնվող համապատասխան հղման վրա), սակայն, սակավ բացառությամբ, նրանք չեն տրամադրում արտացանցային ընթերցման համար հարմար ձևաչափով պատրաստված էլեկտրոնային գրքեր։ 

Ի՞նչ նկատի ունենք «հարմար ձևաչափ» ասելով։ Որևէ գրքի ընթերցում սովորաբար բավական ժամանակ է պահանջում, եթե այն մի փոքրիկ գրքույկ կամ կարճառոտ պատմվածք չէ։ Եթե գիրքը տեղադրված է համացանցում և ներբեռնման հնարավորություն չկա, ապա պիտի միայն այնտեղ կարդանք, և այս դեպքում, նախ, պետք է միշտ համացանցի կապը գործի, որտեղ էլ գտնվենք։ Երկրորդ՝ ամեն անգամ, երբ գրքի ընդհատված ընթերցումն ուզում ենք շարունակել, պիտի մտնենք զննարկիչ (բրաուզեր), գտնենք մեզ անհրաժեշտ էջը, ապա փնտրենք-գտնենք, թե որ հատվածին էինք հասել նախորդ անգամ, որպեսզի շարունակենք կարդալ։ Խոստովանենք, որ սա բնավ հարմար չէ, և այսպես երկար բնագրեր ընթերցելը ոչ միայն դժվար է, այլև վանիչ։

Այսպիսի դեպքերում, եթե կայքը հնարավորություն է տալիս բնագիրը պատճենել, պետք է այն պատճենենք մի որևէ համապատասխան նիշքի մեջ (ասենք, Microsoft Word-ի կամ LibreOffice-ի Writer-ում), դրանով կարդանք և ինչ-որ նշան ավելացնենք այնտեղ, ուր դադարում ենք ընթերցել, որպեսզի հաջորդ անգամ, փնտրելով մեր դրած այդ նշանը, շարունակենք ընթերցումը։ Շա՛տ լավ։ Իսկ եթե ընթերցում ենք հեռախոսով կամ ընթերցիչ սարքո՞վ։ Ո՛չ միշտ է հարմար այսքան գործողություն կատարելը, եթե նույնիսկ որևէ ժամանակակից հեռախոս կամ պլանշետ մեզ տա այսպիսի նիշքեր ստեղծելու հնարավորություն։ Խոստովանենք, այսօր այսպես գիրք կարդալը հարմար չէ։

Սակավ անհարմար, բայց, այնուամենայնիվ, անհարմար տարբերակ է, երբ գիրքը ներբեռնելի է, բայց միայն pdf կամ djvu տարբերակով, և ժամանակակից ոչ բոլոր ընթերցիչ ծրագրերն են կարողանում այս ձևաչափերով նիշքերը ճիշտ ցուցադրել։ Երբեմն pdf-ն ընթերցիչում կարող է այնքան մանրատառ լինել և փոփոխման ենթակա չլինել, որ պարզապես հնարավոր չլինի այն կարդալ։ Ուրեմն՝ այս ձևաչափերով նիշքերը միշտ ավելի հարմար է կարդալ համակարգչում։

Սակայն այսօր գիրք կարդալու ամենահարմար միջոցը, որ գնալով տարածվում է նաև հայաստանյան քաղաքացիների շրջանում, հատկապես՝ երիտասարդության, փոքրաչափ սարքերն են (հեռախոսներ, պլանշետներ և ընթերցիչ սարքեր, օրինակ՝ Kindle-ը)։ Սրանք և աչքի համար են հարմար (ունեն կարգավորումներ, որոնցով կարելի է աչքին հարմար չափ, գունավորում, էջի տեղադրում ընտրել), և նաև հիշում են, թե վերջին անգամ որ էջում ենք դադարեցրել ընթերցումը, և հաջորդ անգամ գիրքը բացելիս անմիջապես այդ էջն ենք տեսնում, ինչպես նաև, եթե գրքերը ճիշտ են պատրաստված, ունեն բովանդակության ցանկով արագ տեղափոխման հնարավորություն։

Այսպիսի սարքերով կարդալու համար անհրաժեշտ հարմար ձևաչափերով հայերեն գրքերը դեռևս սակավաթիվ են։ Ուստի մենք ևս կփորձենք այստեղ մեր փոքրիկ հնարավորությունների սահմաններում լրացնել այդ բացը՝ պատրաստելով հարմար ձևաչափերով հայերեն գրքեր, որոնք ներբեռնելու համար հարկավոր է գնալ այս կայքի «Էլեկտրոնային գրադարան» էջը։ Այդ էջում կգտնեք նաև հղումներ դեպի այն կայքերը, որտեղից ևս կարող եք ձեռք բերել էլ. գրքեր։

Գրքերը պատրաստված են epub, և mobi ձևաչափերով՝ դրանցում տեղաշարժի համար հարմար բովանդակություն-ցանկերով։  Այդ գրքերը կարող են ներբեռնվել համակարգիչ, հեռախոսի, պլանշետի կամ հատուկ ընթերցիչ սարքերի մեջ և ընթերցվել ընթերցիչ ծրագրերով։


Գրքերն ազատ տարածման համար են։


pdf կամ djvu ձևաչափերով հայերեն գրքեր համացանցում

Համացանցում ազատ ներբեռնման համար կան նաև pdf կամ djvu ձևաչափերով բազմաթիվ հայերեն գրքեր։ Դրանք ընթերցելու համար ևս կան համապատասխան ծրագրեր, թեև այս ձևաչափերով գրքերը ոչ միշտ է հարմար էլ. գրքերի ընթերցիչներով կարդալ, ուստի երբեմն կարող են խնդիրներ ծագել այս ձևաչափերով գրքերը փոքր սարքերով ընթերցելու ժամանակ։

Pdf նիշքերի համար, Adobe reader-ից բացի, կարելի է Windows համակարգում գործածել Foxit Reader ազատ տարածվող ծրագիրը, որը թույլ է տալիս նաև զանազան նշումներ կատարել նիշքերում։ Djvu նիշքերի համար WinDjView ծրագիրը գործածել։

Լինուքսում շատ հարմար է Okular-ը, որը բացի նշված 2 ձևաչափերից, նաև բազմաթիվ այլ ձևաչափերի գրքեր է կարդում՝ epub, fb2, cbz և այլն, ինչպես նաև ունի նշումներ անելու հնարավորություն։

Android-ով գործող հեռախոսներում և պլանշետներում կարելի է գործածել Еbook Droid, Mantano Reader Lite ծրագրերը։

iOS համակարգի համար հարմար են iBooks, Nook (սրանք djvu չեն կարդում), iBouquiniste (նաև djvu է կարդում)։

Այսպիսի ձևաչափերով գրքեր տրամադրող կայքերի ցանկին ծանոթացեք այստեղ։