3/27/15

Լինուքս-6. գործողություններ նիշքերի հետ

Նախորդ մասը՝ այստեղ։


Նիշքակառավարիչներ և նիշքերի որոնում

Նիշքակառավարիչով (file manager) ենք «կառավարում» մեր համակարգչում առկա նիշքերը, այսինքն՝ տեսնում դրանք, տեղափոխում, ջնջում, պատճենում, ստեղծում կառավարիչում նոր պանակներ և այլն, և այլն։ Եթե գործածում եք Ուբունտու բաշխումը, ապա անշուշտ արդեն գիտեք Nautilus անունը։ Սա Ուբունտուում լռելյայն տեղակայված նիշքակառավարիչն է։ Սակայն Լինուքսի համար ստեղծված նիշքակառավարիչները շատ-շատ են և միևնույն բաշխման մեջ կարելի է գործածել մեկից ավելի նիշքակառավարիչներ։ Thunar, Marlin, Dolphin, Nemo, Pcman, Xfe, Krusader և այլն, և այլն. սրանք անուններն են նիշքակառավարիչների, որոնք այս կամ այն լինուքսյան բաշխման լռելյայն նիշքակառավարիչն են, սակայն կարող են գործածվել նաև այլ բաշխումներում։ Կարող եք տեղակայել, փորձել և ընտրություն կատարել։ Իմ փորձած նիշքակառավարիչների մեջ ամենահաջողը հենց Nautilus-ն է։ Նրան բավականին նման է Nemo-ն։ Ես երբեմն գործածում եմ ևս մեկ նիշքակառավարիչ՝ ո՛չ այնքան տարածված. կոչվում է Marlin։ Այս վերջինը միայն մեկ առավելություն ունի նշածս մյուս կառավարիչների հանդեպ. Marlin-ը թույլ է տալիս նիշքերին տարբեր գունավորում տալ՝ գունապիտակ կցել։ Կանգնում ենք նիշքի վրա, սեղմում մկնիկի աջ կոճակը և ընտրացանկից ընտրում անհրաժեշտ գույնը։ Բայց մնացած առումներով Marlin-ը զիջում է նիշքային կառավարիչների մեծ մասին, քանի որ նրա գործառույթները սակավաթիվ են։

Եթե կարդում եք այս հոդվածը, կարծում ենք՝ արդեն գիտեք, թե ինչպես են նիշքեր ստեղծում, տեղափոխում, պատճենում նիշքակառավարչում։ Նոր բան չկա այստեղ։ Թերևս միակ տարբերությունը Լինուքսի և հանրածանոթ Ուինդոուսի նիշքակառավարիչների հիմնական գործողությունների միջև՝ բազմաթիվ նիշքեր միանգամից ընտրելու եղանակն է, որը Լինուքսում կատարվում է shift ստեղնի սեղմումով։ Ընտրվող բազմաթիվ նիշքերից առաջինի վրա կանգնելով՝ սեղմում եք shift ստեղնը և ապա եզրափակող՝ վերջին նիշքը։

Եթե գործածում եք Nautilus-ը կամ Nemo-ն, իմացե՛ք, որ երբ դրանցով նիշքեր եք փնտրում, ապա կարող եք փնտրման արդյունքները պահպանել (save)։ Կարող եք փնտրել նիշքերը թե՛ անվանումով, թե՛ նիշքի ընդլայնմամբ։ Վերջին դեպքում ընդլայնման անունը գրեք կետիկից հետո։ Ենթադրենք՝ փնտրել եք միայն .epub նիշքերը կամ այն նիշքերը, որոնց անվանման մեջ կա «դաս» տառակապակցությունը («դասագիրք», «դասարան», «անդաստիարակ» ևն)։ Նաուտիլուսը (կամ Նեմոն) բերել է փնտրման արդյունքները։ Ուզում եք այդ արդյունքները պահպանել հետագայի համար, որ ամեն անգամ չփնտրեք։ Նաուտիլուսի ընտրացանկից ընտրեք File -> Save Search As և դրեք այն անվանումը, որով ցանկանում եք փնտրման արդյունքը պահպանել, և ընտրեք պահպանման վայրը (պանակը)։

Նիշքեր որոնել կարելի է նաև տերմինալային հրամաններով։ Շատ արագագործ հրաման է locate-ը։ Կա նաև find հրամանը, սակայն այն ավելի դանդաղաշարժ է, ուստի ես հիմնականում օգտվում եմ locate-ից։ Այս հրամանը, ի տարբերություն Նաուտիլուսի, թույլ է տալիս միանգամից որոնել թե՛ home-ում, թե՛ համակարգային (System-ի) պանակներում։ Ինչպե՞ս ենք գործածում այս հրամանը։ Ամենադյուրին եղանակով, որ կարելի է պատկերացնել։ Պարզապես գրում ենք locate և ապա այն բառը, բառի մասը կամ ընդլայնումը, որը փնտրում ենք։ Շատ արագ բերվում են փնտրման արդյունքները։ locate-ով կարող եք փնտրել ոչ միայն լատինատառ անվանումներ, այլև հայատառ, ռուսատառ ևն։


Որոնում նիշքերի ներսում

Առանց նիշքերի մեջ հատ-հատ մտնելու՝ կարելի է որոնել նաև նրանց պարունակության մեջ։ Օրինակ՝ ենթադրենք՝ չեք հիշում, թե Ձեզ անհրաժեշտ տեքստը Ձեր բազմաթիվ նիշքերից որում է գտնվում։ Այդ տեքստից հիշեք բառ, որը վստահաբար առկա է նրանում, և փնտրեք այդ բառով։ Սա կատարելու համար, ըստ իս, ամենահարմար գործիքը Recoll կոչվող ծրագիրն է։ Այն փնտրում է զանազան ընդլայնումներով նիշքերում, նաև pdf-ներում, եթե, իհարկե, վերջիններս տեսածրված նկարներից չեն պատրաստված, այլ ունեն մեքենայի կողմից ճանաչվող նիշեր։ Այս ծրագիրն անգամ սեղմված (արխիվացված) նիշքերում է փնտրում։ Այն և շատ արագ է գործում, և փնտրում է զանազան լեզուներով, և որոնման արդյունքները ներկայացնում համացանցային փնտրող ծառայությունների, օրինակ՝ Գուգլի եղանակով, ինչը շատ հարմար է։ Միայն թե այս ծրագրից օգտվելիս, նրա արագագործությունը վայելելու համար, ցանկալի է նրա նախընտրանքներում (Preferences) նշել միայն այն պանակները, որոնց նիշքերո՛ւմ փնտրում պիտի կատարեք։ Կամ ընդհակառակն՝ նախընտրանքներում բացառեք այն պանակները, որոնցում փնտրում կատարել պետք չէ։ Սա կխնայի թե Ձեր, թե ծրագրի ժամանակը։ Օրինակ՝ եթե դուք էլ, ինչպես ես, ունեք բազմագիգաբայտանոց գրադարան-պանակ՝ հիմնականում pdf-ներով լեցուն, ապա այդ պանակի ցուցակավորումը (ինդեքսավորումը) Recoll-ի կողմից կարող է չափազանց երկար ժամանակ տևել և խիստ ծանրաբեռնել Ձեր համակարգչի աշխատանքը։ Այդ իսկ պատճառով ես այդ պանակը չեմ ներառել այս ծրագրի նախընտրանքներում։
Recoll-ի տվյալները միշտ թարմ պահելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թարմացնել ցուցակավորումը Update index (ընտրացանկի File-ում) հրամանի օգնությամբ։ Յուրաքանչյուր այսպիսի թարմացում ընդամենը րոպեներ է տևում։

Մի բան է՛լ նկատի ունեցեք։ Հայերենով փնտրելիս այս ծրագիրը բառի Ձեր ներկայացրած ձևն է միայն գտնում. հայերենի դեպքում նա հոլով, խոնարհում և սրանց վերջավորությունները, ածանց-մածանց չի հասկանում։ Այնպես որ այս հանգամանքը նկատի ունեցեք հայերեն բառ ու արտահայտություն փնտրելիս։ Սա վերաբերում է միայն հայերենին։ Օրինակ՝ եթե անգլերեն light բառը գրեք, Recoll-ը փնտրման արդյունքներում կբերի ոչ միայն հենց այդ ձևը, այլև lightly, lighting և այլն։ Եթե ռուսերեն дом բառը գրեք, Recoll-ը փնտրման արդյունքներում կբերի նաև домов, доме և այլ ձևեր։ Իսկ հայերենի դեպքում այս ծրագիրը միայն այն ձևն է փնտրում, որը Դուք նրան հանձնարարում եք, որովհետև Recoll-ը հայերենի քերականությունը դեռ չի սովորել ։)

Տեքստային նիշքերի ներսում շատ արագ որոնում է կատարում նաև Kate տեքստային խմբագրիչը (այս հնարավորությունը Kate-ի հին տարբերակները չունեն)։ Այն ունի ոչ միայն Ձեր բացած տվյալ նիշքում փնտրելու հնարավորություն, այլև Ձեր նշած պանակ(ներ)ում առկա տեքստային նիշքերում։ Kate-ը փնտրում է .txt, .html, .dict, .po, .ctd (սա մեր սիրելի cherrytree ծրագրի ընդլայնումն է) և տեքստային այլ նիշքերում, օրինակ՝ համակարգային բազմապիսի նիշքերում, որոնք կարող են զանազան ընդլայնումներ ունենալ, բայց ստեղծված են պարզ տեքստային խմբագրիչներով (cherrytree ծրագիրը, թեև տեքստի ձևավորման շատ մեծ հնարավորություններ ունի, սակայն նույնպես պարզ տեքստային խմբագրիչ է՝ ի տարբերություն Libre Office-ի կամ սրա նման ծրագրերի)։ Kate-ը չի փնտրում .doc, .odt, .docx և տեքստային բազմագործառական խմբագրիչներին հատուկ այլ ընդլայնումներով նիշքերում։ Սրանցում որոնում կատարելու համար գործածեք Recoll-ը։


Տեքստային նիշքի ստեղծում քաշել-գցելու (drag and drop) միջոցով

Սա մի բան է, որի մասին, հնարավոր է, շատերը տեղյակ չլինեն։ Եթե Դուք գործածում եք լինուքսյան այնպիսի բաշխում, որը գնոմյան սեղանադիր ունի, կամ Nautilus և Nemo նիշքակառավարիչները, ապա կարող եք գործածել հետևյալ հնարքը։ Որևէ տեքստ որևէ ծրագրում կամ, ասենք, համացանցում, ընտրեք-մգացրեք և ապա մկնիկի օգնությամբ տեղաշարժելով պարզապես գցեք սեղանադրի (desktop) վրա կամ որևէ պանակի մեջ. կստեղծվի այդ տեքստը պարունակող նիշք՝ .txt ընդլայնմամբ։ Փորձե՛ք ու կտեսնեք, որ մի քանի գործողության փոխարեն այսպիսով կատարում եք ընդամենը երկու գործողություն։ Այսինքն՝ փոխարեն տեքստն ընտրելու, հետո այն պատճենելու, ապա նոր նիշք բացելու, նրանում փակցնելու գործողությունը կատարելու և վերջում պահպանման հրամանը տալու, Դուք ընդամենը ընտրում եք տեքստն ու այն գցում սեղանադրի վրա (կամ որևէ պանակի մեջ), իսկ մնացած գործողությունները կատարվում են մեքենաբար։ Այսպես մի րոպեի ընթացքում կարելի է ստեղծել բազմաթիվ նիշքեր։ Կարող եք փորձել այս հնարքը լինուքսյան տարբեր բաշխումներում, տարբեր սեղանադրային միջավայրներում և նիշքակառավարիչներում՝ ստուգելու, թե որում է այս հնարքը գործում, որում՝ ոչ։ Մենք չենք փորձել, ուստի այժմ բավարարվում ենք ասելով, որ այս հնարքը գործում է Ուբունտուում, Գնոմում և մեր նշած երկու նիշքակառավարիչներում (Nautilus և Nemo)։


Տերմինալում ուղի նշելու դյուրին տարբերակ

Քաշել-գցելու հնարքը գործում է նաև տերմինալում, եթե cd գրելուց հետո չեք ուզում երկար-բարակ մուտքագրում անել՝ Ձեզ անհրաժեշտ պանակի կամ նիշքի հասցեն նշելու համար, այլ այդ պանակը կամ նիշքը մկնիկով ընտրելով տանում-գցում եք cd-ից հետո։ Այդ ժամանակ այդ պանակի կամ նիշքի ուղին գրվում է մեքենաբար։