4/15/24

Ոչ թե նրանք էին ձգտում պատվի, այլ պատիվն էր ընթանում նրանց հետևից

 Մովսես Խորենացին իր «Պատմության» մեջ, Գրիգոր Լուսավորչի որդիներ Արիստակեսի և Վրթանեսի մասին խոսելիս, ասում է, որ ոչ թե նրանք էին ձգտում պատվի, այլ պատիվն էր ընկել նրանց հետևից («....որք ոչ զպատիւն յինքեանս ձգէին, այլ պատիւն զհետ նոցա ընթացաւ», գիրք Բ, գլ. Բ)։ Ի դեպ, սրանից անմիջապես հետո ավելացնում է՝ «ինչպես ասում է Ագաթանգեղոսը», որից հետևում է, որ վերոնշյալ խոսքը կամ Լուսավորչի որդիների մասին հատվածը Խորենացին վերցրել է «Ագաթանգեղոսից» (չակերտները միտումնավոր են դրված՝ իբրև գրքի և ոչ թե անձի անվան ցուցիչներ)։ Սակայն մեզ հասած «Ագաթանգեղոսում» այդ մասը չկա, ուստի կա՛մ Խորենացուն ծանոթ «Ագաթանգեղոսն» ուրիշ է եղել, կա՛մ Խորենացու պատմության այս մասն է հետագայում եղծվել, և «ինչպես ասում է Ագաթանգեղոսը» մասը Խորենացու մեզ հասած պատմության մեջ իր տեղում չէ։

Ինչևէ, սա մի փոքրիկ տեքստաբանական դիտարկում էր, իսկ բուն ասելիքս վերաբերում է Լուսավորչի որդիների՝ Խորենացու հիանալի բնորոշմանը։ Կուզեի, որ այն շատերն իմանային, ՄԱՆԿՈՒՑ անգիր անեին, դաջեին իրենց ուղեղում ու սրտում, երբեք չմոռանային և դարձնեին իրենց կյանքի կարևոր նշանաբաններից մեկը։ Ոչ թե ձգտել պատվի, փառքի, կոչումների, տիտղոսների և այլ այսպիսի ունայնության, այլ ապրել ու գործել այնպես, որ պատիվն ինքն ընկնի հետևիցդ, ընթանա հետևիցդ, բայց դու դրան բանի տեղ չդնես, թույլ չտաս՝ կողքովդ քայլի կամ, առավել ևս, քեզնից առաջ անցնի։ Որովհետև հենց թույլ տաս, Խորենացու այս խոսքն այլևս քեզ չի վերաբերի։

Ինչքան լավ կլիներ, եթե այս խոսքը լավ հիշեին ու կյանքի մի նշանաբանի վերածեին հատկապես նրանք, ովքեր իրենց բուն կոչմամբ իսկ չպիտի ձգտեին երկրային ունայն պատիվների ու կոչումների։ Մարդու անվանը կցված «պատիվները» նրա պատիվն ու փառքը ավելացնում են միայն ունայնամիտների ու քծնասերների սրտում, և այսպիսիներից նրա ստացած պատիվը՝ հենց ա՛յդ իսկ է նրա վարձը։ Նրանք, ովքեր պիտի բոլորովին այլ փառք փնտրեին, հողածին փոշեկերպ փառքն են փնտրում, և մինչ ունայնամիտները նրանց պատվում են, աշխարհի սկզբից եղած բոլոր Դիոգենեսները ծաղրում են։


4/11/24

-ություն-ի հնչյունափոխությունը

Նախորդ գրառմանս մեջ գործածեցի «զորությունակիր» բառը և մտածեցի, թե արդյոք ինչո՛ւ են -ություն-ին կցված մեկ այլ ածանցով կամ արմատով ածանցավոր կամ բարդածանցավոր բառերում -ություն-ը վերածում -ութեն-ի (օրինակ՝ միութենական, բնութենակից, հայտնութենական և այլն)։ Չէ՞ որ գրական հայերենում յու>ե հնչյունափոխություն գոյություն չունի։ Եթե լիներ, կգրեինք ու կասեինք, օրինակ, անկենաքար և հնչենային՝ անկյունաքար-ի և հնչյունային-ի փոխարեն։ Նայեցի Հայկազյան մեծ բառարանում․ կան յարութիւնական, յարութիւնակից, բնութիւնակից, բնութիւնակցութիւն, բնութիւնաբար, բնութիւնական բառերը։ Սրանց կողքին կան նաև բնութենակից-ն ու յարութենակից-ը, բայց երկուսն էլ՝ ուշ շրջանի գրականությունից։ Բնութիւնակից-ի կողքին բառարանագիրը փակագծերում նաև ավելացրել է. «(որ առ յետինս գրի բնութենակից)»։

Հետևություն։ Գրական հայերենում իրո՛ք չկա յու>ե հնչյունափոխություն։ Բայց մենք գիտենք, որ մեր շատ բարբառներում -ություն-ը վերածվել է -ութեն-ի (զորութեն, արքայութեն ևն, այլ բարբառներում էլ՝ ութին-ի՝ զորութին, արքայութին)։ Հետևաբար, -ութեն-ով բառերը  բարբառային ձևի վրա են կազմվել։ Իսկ եթե հետևենք գրական հայերենի հնչյունական օրենքներին, ապա -ություն-ին ածանց կամ արմատ ավելացնելիս -ություն-ը պիտի թողնենք անփոփոխ, ինչպես վերոնշյալ բառարանային օրինակներում և իմ գործածած զորությունակիր-ում։

Շուրիշկանի Ավետարանի առիթով

Զորությունակիր բազմաթիվ նյութական առարկաներ ունենալը ծանր բեռ է որևէ քրիստոնյայի համար, որի հայրենիքը երկնքում է։ Ուրեմն պետք է դրանց պահպանման և չպղծվելու համար պատասխանատվություն կրես։ Դրանք անվերջ հավաքես երկրային ամբարներումդ ու պինդ-պինդ պահես բանալու տակ։ Տեղաշարժվելիս էլ մտածես՝ ուր դնես, ինչպես պահես, որ չկորցնես։ Բա կարելի՞ է Քրիստոսի ազատ ոգին այսքան շղթայել երկրի վրա։ Բա կարելի՞ է այսքան նյութ կուտակել մի ժամանակավոր կացարանում։

Երբեք չեմ հասկացել նյութից այսպես կառչող հավատը։ Նաև այսպիսի հավատն է պատճառը, որ շատերը բողոքական ուղղությունների են հարում։

Ինչ պաշտամունքի որ կաթոլիկների համար արժանանում են արձանները, հունադավանների, հատկապես ռուսների համար՝ սրբապատկերները, նույնին արժանանում են հայերի մեջ զանազան Ավետարանները։ Բոլորն էլ՝ զորությունակիր ու հրաշագործ, ուստի պաշտելի։

Լավ է գոնե, որ հայերիս մեջ սրբերը չեն զանազանվում ըստ պաշտոնների (սակավ բացառությամբ), ինչպես հեթանոսական աստվածները, որոնց տարբեր պաշտոններ էին հատկացվում և որոնք արարիչ աստված չէին, այլ տարբեր գործառույթների համար նախատեսված աստվածներ, կարելի է ասել՝ ոչ իսկական աստվածներ, եթե քրիստոնեական միտքը «աստված» ասելով հասկանում է արարչին։ Ճիշտ այդպիսին են հատկապես կաթոլիկների ու հունադավան քրիստոնյաների համար սրբերը։ Վերջիններս աստված չեն անշուշտ, քանի որ կա միայն մեկ Արարիչ Աստված, սակայն ստանում են նույն այն պատիվն ու երկրպագությունը, որ նախատեսված էին հեթանոսական աստվածների համար։ Սրբերից մեկը կորած իրերն է գտնում, դրա համար են նրան հաճախ դիմում, մյուսը՝ կոկորդային հիվանդություններ բուժում, երրորդին դիմում են արտերը պտղաբեր դարձնելու համար, չորրորդին՝ հղիության ու ծննդագործության, հինգերորդին՝ երեխաներ բուժելու, և այլն, և այլն։ Ինչո՞վ են տարբերվում հեթանոսական ոչ արարիչ աստվածներից։ Այս սրբերի համար արձան կամ սրբապատկեր է ստեղծվում, մարդիկ բառիս ուղիղ իմաստով նաև երկրպագում են նրանց կամ էլ պարզապես համբուրում արձաններն ու սրբապատկերները, սրբերի պատվին կառուցված տաճարներում մանր-մունր նվերներ թողնում իրենց սրբերի համար և աղոթքներով դիմում նրանց (այս ամենը նաև հայ հավատացյալներն են անում)։ Իսկ, ինչպես արդեն նշեցի, կաթոլիկության և հունադավանության մեջ նաև կոնկրետ մի սրբի հատկացված պաշտոնից բխող խնդրանքներ են մատուցում։ Վերևում հայերիս համար ավելացրի «սակավ բացառությամբ»-ը, որովհետև այս պահին միայն սբ Սարգսին եմ հիշում, որին հատուկ դեր է հատկացվել իբրև սիրահարներին օգնության հասնող, իսկ այժմ էլ երիտասարդների պաշտպան սրբի։

Հեթանոսություն է սա․ անուններն են փոխվել, բայց հասարակ հավատացյալ ժողովրդի ընկալումներում բան չի փոխվել։ Հավատացյալ ժողովուրդը սովորաբար դավանաբանություն չգիտի, անցյալում է՛լ առավել չի իմացել։ Նա հավատացել ու հավատում է, ինչպես նրա սիրտը  հուշում է։ Իսկ սիրտը, ինչպես տեսնում եք, հուշում է բազմաստվածություն, որն ունի իր գերագույն արարիչ Աստվածը և ապա՝ մանր-մունր զանազան աստվածներ՝ մարդկանց զանազան կարիքների հոգացման համար։

Ի՞նչ տարբերություն, թե գերագույն Աստծո և ենթակա աստվածների անուններն ինչ են, եթե ժողովրդի ընկալման մեջ կա մի պանթեոն՝ գերագույն Արարիչ Աստծով և նրան ենթակա, բայց դարձյալ զորավոր ու հրաշագործ, մարդկանց աղոթքները լսող ու օգնության հասնող աստվածներով։

Սա լա՞վ է, վա՞տ է մարդկության համար՝ չգիտեմ։ Մարդկանց չես կարող պարտադրել չհավատալ այնպես, ինչպես նրանք ուզում են։ Բայց միևնույն ժամանակ մարդկանց չես կարող պարտադրել հավատալ այսպիսի քրիստոնեության, եթե նրանք դա չեն ուզում, չեն ընկալում և սրանում միջնադարյան տգիտություն ու խավար տեսնում։

Հետևաբար, հայերիս մեջ էլ միշտ կլինեն զանազան քրիստոնեական հարանվանությունների հետևորդներ։ Հայ առաքելական եկեղեցու դերը ազգապահպանման գործում գիտակցող մարդիկ էլ, որ իրենց Հայ առաքելական եկեղեցու մի մասն են համարում, կարող են ընդհանրապես աթեիստ լինել, չմարտնչող աթեիստներ։ Ուրեմն՝ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանների մեջ կան ոչ միայն գիտելիք ունեցող հավատացյալներ, որ գիտեն, թե ինչին են հավատում, այլև բազմաթիվ հեթանոս հավատացյալներ և ընդհանրապես չհավատացողներ կամ, ենթադրենք, կասկածողներ՝ ագնոստիկներ, ովքեր նույնպես, հարգանքի զգացումից դրդված, կարող են մտնել եկեղեցի ու նույնիսկ մասնակցել Հայ առաքելական եկեղեցու ծեսերին։

Եվ կլինեն մարդիկ, որ, Հայ առաքելական եկեղեցին իրենց մայր եկեղեցին համարելով հանդերձ և ջանալով նրան հավատարիմ լինել, այնուամենայնիվ, չեն կարողանա ընդունել նրա որոշ թե՛ դավանական դրույթներ, թե՛ ավանդույթներ  ու սովորույթներ՝ դրանք խորթ համարելով իրենց պատկերացրած, զգացած, սիրած քրիստոնեությանը։ Եվ չես կարող մարդկանց պարտադրել հավատալ քեզ պես, չես կարող քո բացատրություններով ու փիլիսոփայություններով ծռել նրանց սիրտը և դրդել, որ, օրինակ, գնան Շուրիշկանի կամ Կարմիր կամ չգիտեմ ուրիշ էլ ինչ Ավետարան երկրպագելու, սրբի մասունք համբուրելու, սրանցից հուզվելու և հավատով զորանալու։ Նրանք դրանից չեն զորանա հավատով։ Ավետարանը Ավետարան է, նրանում կարևորը խոսքերն են այս հավատացյալների համար, ոչ թե նյութական գրքի անցած ճանապարհը, որի ընթացքում հավատացյալ ժողովուրդը մի գրքի՝ իբրև մի աստվածիկի՝ դիմել է օգնության և բժշկվել կամ մի ուրիշ հրաշքի ականատես եղել՝ դա վերագրելով նյութական գրքի զորությանը, որի պատճառով էլ այդ գիրքը վերածվել է երկրպագության ու հարգանքի հատուկ առարկայի։

Այսպիսի հեթանոսատիպ հավատը վանող է շատերի համար։ Ուստի մինչ մեր եկեղեցու հոգևորականների դասը այսպիսի միջոցներով հրապուրում է ժողովրդի հիմնականում տգետ շերտերին, նույնով վանում է ուրիշների։




3/16/24

Ի՞նքը, ի՞ր, իրե՞ն, իրենի՞ց ևն, թե նա, նրա, նրան, նրանից ևն

 * Այս հոդվածը կա մեր «Լեզվաոճական ուղեցույցում»։



✗ Վարդանը և իր հետևորդները հեռացան երկրից։ →

✔ Վարդանը և նրա հետևորդները հեռացան երկրից։* [«Վարդանը» և նրա «հետևորդները» նախադասության համասեռ անդամներ են՝ բազմակի ենթականեր, և ստացական դերանունը («նրա»-ն) գործածվում է դրանցից առաջինի փոխարեն։]

✗ Մոտեցեք դռան մոտ կանգնած երիտասարդին և Ձեր հարցն ուղղեք իրեն։ →

✔ Մոտեցեք դռան մոտ կանգնած երիտասարդին և Ձեր հարցն ուղղեք նրան։

✗ Տնօրենն այժմ զբաղված է, և իրեն չի կարելի անհանգստացնել։ Բացի դրանից, ինքը Ձեզ օգնել չի կարող։ →

✔ Տնօրենն այժմ զբաղված է, և նրան չի կարելի անհանգստացնել։ Բացի դրանից, նա Ձեզ օգնել չի կարող։

* Ավելի լավ հասկանալու համար, թե ինչո՛ւ այս նախադասության մեջ իր-ը սխալ է, իսկ նրա-ն՝ ճիշտ, համեմատեք ներքոբերյալ երկու նախադասությունները։

Հեղինակը լռում է Վարդանի և նրա հետևորդների ուղևորության մասին։ [Հետևորդները Վարդանինն են։ «Վարդանի»-ն և «հետևորդների»-ն նախադասության համասեռ անդամներ են՝ բազմակի հատկացուցիչներ, և ստացական դերանունը գործածվում է դրանցից առաջինի փոխարեն։]

Հեղինակը լռում է Վարդանի և իր հետևորդների ուղևորության մասին։ [Հետևորդները հեղինակինն են։ «Վարդանի»-ն և «հետևորդների»-ն նախադասության համասեռ անդամներ են՝ բազմակի հատկացուցիչներ, սակայն ստացական դերանունը չի գործածվում դրանցից առաջինի փոխարեն, այլ նախադասության ենթակա հանդես եկող բառի փոխարեն։]

ԲԱՅՑ՝

✔ Վարդանն իր հետևորդների հետ հեռացավ երկրից։ [Ենթական միայն «Վարդանն» է, որ իր և ոչ թե մի ուրիշի հետևորդների հետ կատարել է գործողություն։]

Այլ օրինակներ

Ն. Ադոնց, «Մաշտոց և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների»

«Այդ երկու փոքրիկ տապանների մեջ հանգչում են երկու հոյակապ անձինք` Մովսես Խորենացին և նրա ընկեր Մամբրե Վերծանողը»։ (Րաֆֆի, «Կայծեր»)

«Խնդրի վերաբերյալ տեսություններից մեկը ներկայացնում են Հ. Աճառյանը և նրա հետևորդները»։ (Գ. Մկրտչյան, «Բարբառագիտության հիմունքներ»)

Վ. Եղիազարյան, «Գագիկ Բ Բագրատունին և նրա «Հավատոյ գիր»-ը»

Նա դերանվան և դրա հոլովաձևերի փոխարեն ինքը դերանվան և սրա հոլովաձևերի գործածությունը հայերենում շատ տարածված է և խոսակցական լեզվում ու բարբառներում շատ ավելի բնական, քան նա-ինն ու սրա հոլովաձևերինը։ Սակայն նա և ինքը դերանունների իմաստային տարբերությունից բխում է, որ վերոբերյալ և նմանատիպ օրինակներում ինքը դերանունն ու դրա հոլովաձևերը գոնե գրական արևելահայերենում տեղին չեն։

Վերոգրյալն անշուշտ հավասարապես վերաբերում է այս դերանունների հոգնակի ձևերին նույնպես (նրանք-իրենք, նրանց-իրենց ևն)։


3/15/24

Օգոստինոս Երանելի՞

 Արդեն մի քանի տասնամյակ է, որ հայաստանցիները Արևմտյան եկեղեցու հայտնի եկեղեցական գործիչներ և սրբեր Օգոստինոսին և Հերոնիմոսին կոչում են Երանելի՝ այս բառը գործածելով իբրև մականուն։ «Օգոստինոս Երանելի»-ի մեջ «երանելի»-ն այլ բան չէ, քան մականուն, ինչպես Ներսես և Սարգիս Շնորհալիների «Շնորհալի»-ն։ Սակայն ո՛չ Օգոստինոսը, ո՛չ Հերոնիմոսը չունեն այդպիսի մականուն։ Կաթոլիկ եկեղեցու այս մեծ սրբերին կաթոլիկներն այդպես չեն կոչում։ Օգոստինոսը Հիպպոն քաղաքի եպիսկոպոսն էր, ուստի նա կոչվում է Օգոստինոս Հիպպոնացի (լատիներեն ամբողջական անունը՝ Aurelius Augustinus Hipponensis), թեև ավելի հայտնի է հենց միայն Օգոստինոս կամ սուրբ Օգոստինոս անունով, որովհետև բազմաթիվ մեծանուն Օգոստինոսներ չկան, որ այս մեկը մի ուրիշի հետ շփոթվի։ Հույն եկեղեցում էլ են նրան կոչում Օգոստինոս Հիպպոնացի՝ Αυγουστίνος Ιππώνος։ 

 Հայերենում ի հայտ եկած այս նորահնար «Երանելի» անունն առաջ է եկել Օգոստինոսի և Հերոնիմոսի անունները ռուսերենից թարգմանելու և ռուսերեն блаженный բառի գործածության հանգամանքներին անծանոթ լինելու պատճառով։ Նախ՝ անհասկանալի է, թե ինչու են կաթոլիկ աշխարհի սրբերի անունները թարգմանվել ռուսերենից և ոչ թե լատիներենից։ Երկրորդ՝ Ռուս եկեղեցին այս և մի շարք այլ սրբերի անունների հետ «սուրբ» մակդիրի փոխարեն գործածում է «երանելի» մակդիրը (блаженный Августин, блаженный Иероним Стридонский,  блаженный Феодорит Кирский և այլն), որովհետև այդ եկեղեցում սրբերը որոշակի սկզբունքով դասակարգված են, և մինչև Արևելյան և Արևմտյան եկեղեցիների միջև մեծ բաժանումը (1054 թ.) ապրած արևմտյան սրբերին սովորաբար կոչում են ոչ թե святой, այլ блаженный։ Այս մակդիրն են գործածում նաև այսպես կոչված Աստծո խենթերի (юродивый) անունների հետ։ Ուրեմն՝ այս «երանելի»-ն վերոնշյալ անձանց մականունը չէ, հատուկ անունը չէ, այլ նրանց սրբությունը ցույց տվող ընդհանրական մակդիր, ինչպես «սուրբ»-ը, և այսպիսի գործածությունը բնորոշ է Ռուս Եկեղեցուն, բայց ո՛չ՝ Հայ կամ Կաթոլիկ։ Հայ եկեղեցում ցանկացած սուրբի էլ կարող ես նաև «երանելի» կոչել, բայց դա չի դառնում նրա մականունը։ Մինչդեռ երբ հայերս Օգոստինոսին ու Հերոնիմոսին կոչում ենք Օգոստինոս Երանելի, Հերոնիմոս Երանելի, այս «Երանելի»-ն այլ բան չէ, քան միայն նրանց հատուկ մականուն։

 Հետևաբար, պետք է գործածել Օգոստինոս կամ Օգոստինոս Հիպպոնացի, Հերոնիմոս կամ Հերոնիմոս Ստրիդոնացի անվանաձևերը առանց դրանց հաջորդող «Երանելի»-ի։



3/12/24

Ինչպես կարդալ գրաբարյան տեքստերը

Սովորաբար գրաբարյան տեքստերի ընթերցման համար սովորեցնում են միայն դասական (կամ ավանդական) ուղղագրության կանոնները։ Եթե ի սկզբանե այդ կանոններով չես սովորել հայերենի ուղղագրությունը, օրինակ՝ եթե հայաստանցի ես, դասական ուղղագրության կանոնները դպրոցում չես անցել, ապա սովորում ես այդ կանոնները, որպեսզի կարողանաս գրաբարյան տեքստերը ճիշտ ընթերցել։

Քանի որ մենք ունենք արդի գրական լեզվի երկու ճյուղ՝ արևելահայերեն և արևմտահայերեն, որոնք ունեն տարբեր հնչյունական համակարգեր, և արևելահայերն ու արևմտահայերը բառերի մի մասն արտասանում են տարբեր ձևով, ապա գրաբարյան տեքստեր կարդալիս նույնպես արևելահայերը դրանք կարդում են արևելահայերենի արտասանության համաձայն, արևմտահայերը՝ արևմտահայերենի։ Օտարազգի հայագետները գրաբարյան տեքստեր կարդալիս նույնպես հետևում են կա՛մ արևմտահայերենի, կա՛մ արևելահայերենի արտասանությանը (նայած ումից են սովորել գրաբարը)։

1/27/24

«Ի»-ով վերջացող հատուկ անունների սեռական հոլովը

 Եթե վստահ չենք՝ -ով վերջացող հայկական անվան հոլովաձևն ինչ պիտի լինի, բացում ենք հայերենի ուղղագրական ամենավերջին բառարաններից մեկը և այնտեղ գտնում անհրաժեշտ բառի նաև հոլովական վերջավորությունը (բառի կողքին նշվում է, եթե այն կանոնական չէ կամ կարող է հասկանալի չլինել)։ Կարող եք անհրաժեշտ բառերը որոնել Փ. Մեյթիխանյանի ուղղագրական բառարանում, որն առցանց հասանելի է «Նայիրի» կայքում։

Իսկ եթե անհրաժեշտ բառը բառարանագիրը չի ներառել բառարանում, ապա հիշում ենք հետևյալը։

  1. Հայերենում սովորաբար ի-ով վերջացող բառերը պատկանում են ու հոլովման։ Հատուկ անունների դեպքում, եթե դրանք հայկական են, այս կանոնը նույնպես գործում է (եթե կան բացառություններ, բառարաններում սովորաբար նշվում է)։ Այսինքն՝ եթե անգամ չկա բառարանում, ենթադրենք, Վեդի բառը, ապա ապահովությամբ կարելի է գործածել դրա Վեդու սեռականը (որովհետև դա կանոնական ձև է)։ Եթե չկա Կումայրի-ն, ապա սեռականը՝ Կումայրու։ -ով վերջացող հայկական անունները (դարձյալ եթե բացառություններ չեն, որոնք սովորաբար կարելի է գտնել բառարանում) հանգիստ կարելի է նաև ի հոլովմամբ հոլովել, այսինքն՝ եթե գրենք Վեդիի կամ Կումայրիի, դարձյալ սխալված չենք լինի։

Րաֆֆի-ն, եթե հայտնի գրողի անունն է, սեռականում ունի -ու վերջավորությունը՝ Րաֆֆու, իսկ եթե ժամանակակից անձի անուն է, ապա՝ Րաֆֆիի։

  1. Ինչ վերաբերում է օտար անուններին, ապա դրանք հոլովվում են ի հոլովմամբ (Հարրիի, Մերիի, Աբադիի և այլն)՝ բացի սլավոնական -սկի, վրացական -շվիլի ածանցներով վերջացողներից, նաև Գորկի ռուսական ազգանունից (Գորկու)*։

* Օտար ազգանունների վերաբերյալ ավելի մանրամասն տես այս հոդվածը։



1/6/24

Սուրբ Գի՞րք/Ծնո՞ւնդ, թե Սուրբ գիրք/ծնունդ

 

«Լեզվաոճական ուղեցույցում» լրացրի այս թեմայով հոդվածը։ Պատճենում եմ այստեղ, մինչև կտեղադրեմ ամբողջական գրքի հերթական տարբերակը։

✗ Շնորհավոր Սուրբ ծնունդ

✔ Շնորհավոր Սուրբ Ծնունդ

✗ Առաջին հերթին նրանք թարգմանեցին Սուրբ գիրքը։ →

✔ Առաջին հերթին նրանք թարգմանեցին Սուրբ Գիրքը։

Թե՛ Մեյթիխանյանի ուղղագրական բառարանում, թե՛ Գյուրջինյանի «Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ» տեղեկատուում Սուրբ Գիրք-ի համար տրված է ընդունելի երկու ուղղագրական տարբերակ, որոնցից առաջինը երկուսում էլ մեծատառովն է (Սուրբ Գիրք), երկրորդը՝ փոքրատառովը (Սուրբ գիրք)։ Սակայն երկրորդ տարբերակը չի կարող ճիշտ լինել այն պատճառով, որ այս գրքի բուն անունը Գիրք-ն է, Սուրբ-ն ընդամենը հավելյալ մակդիր է։ Աստվածաշնչի մյուս անունը՝ Գիրք-ը, որ հունարեն «բիբլիա»-ի թարգմանությունն է, գրաբարում սովորաբար հենց առանց «սուրբ» մակդրի է հանդես գալիս։ Իսկ աշխարհաբարում սովորաբար «Սուրբ»-ով ենք գործածում՝ սովորական գրքից տարբերելու համար։ Մինչդեռ երբ գրում ենք Սուրբ գիրք՝ միայն առաջին բառը մեծատառով, խոսում ենք մի գրքի մասին, որի անունը «Սուրբ» է, ինչպես եթե գրեինք Աստվածաշունչ գիրք / Աստվածաշունչ մատյան, որտեղ գրքի անունը միայն Աստվածաշունչ-ն է, իսկ գիրք-ը հասարակ գոյական է։ Այդպես նաև Սուրբ գիրք-ի մեջ է գիրք-ը հասարակ գոյական և ոչ թե անվան մաս։ Այսինքն՝ այս վերջին դեպքում գիրք-ը անվան մաս լինելուց դադարում է և վերածվում հասարակ գոյականի։

Բացի դրանից, այն լեզուներում, որոնցում բաղադրյալ հատուկ անունները գրվում են այն նույն սկզբունքներով, որոնցով գրվում են արևելահայերենում (այսինքն՝ եթե պայմանական անվան հետ գործ չունենք, միայն առաջին բառը՝ մեծատառով), Սուրբ Գիրք-ն էլ, Սուրբ Ծնունդ-ն էլ գրվում են մեծատառով սկսվող երկրորդ բաղադրիչով։ Այդպես են գրում թե՛ ռուսերենում (որի համապատասխան կանոնների վրա են գերազանցապես ձևվել արևելահայերենի՝ մեծատառի գործածության կանոնները), թե՛ ֆրանսերենում (որի ազդեցությունն էլ այս հարցում իր հերթին կրում է ռուսերենը)։ Պատճառը շատ հավատացյալ լինելը չէ․ պատճառը գիտելիքն է և հասարակ տրամաբանությունը։ Եթե այս բաղադրյալ անվան մեջ բուն անունը Գիրքն է (Писание, Écritures), որը կարող է նաև առանց «Սուրբ» մակդրի գործածվել (առանց священное/saintes-ի), այն չի կարող գրվել փոքրատառով։ Ոչ միայն նշված, այլև այլ լեզուներում է սովորական, ինչպես գրաբարում, Աստվածաշնչի այս մյուս անունը նաև առանց «Սուրբ» մակդրի գործածել (օրինակ՝ անգլ. Scripture(s)՝ առանց Holy-ի)։

Թեև «Բաղադրյալ հատուկ անուններում մեծատառերի գործածության մասին» կանոնախմբի («Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու», Երևան, 2006, էջ 286-294) 2Ը-գ) կետում որպես ճիշտ տարբերակ տրված է Սուրբ ծնունդ կամ Սուրբ ծննդի տոն գրելաձևը (նույնը կրկնվում է նաև Մեյթիխանյանի ուղղագրական բառարանում, բայց, բարեբախտաբար, ո՛չ՝ Գյուրջինյանի), սակայն այն վստահաբար սխալ է և հակասում է այդ նույն կանոնում բերված մնացած օրինակներին։ Որովհետև, ինչպես արդեն ասացինք Սուրբ Գիրք-ի վերաբերյալ, այստեղ նույնպես տոնի հիմնական անունը Ծնունդ-ն է կամ Ծննդյան տոն-ը, ոչ թե Սուրբ-ը։ Սուրբ-ը կարող էր և չլինել. հմմտ. Հարության տոն / Սբ Հարության տոն, Զատկի տոն / Սբ Զատկի տոն, Համբարձման տոն / Սբ Համբարձման տոն և այլն։ Ուրիշ բան, եթե գրեինք Քրիստոսի ծննդյան տոն։ Իսկ տոնի ավելի ընդարձակ ու ճիշտ անունն է Սբ Ծնունդ և Աստվածահայտնություն (Հայ առաքելական եկեղեցու պարագայում)։

Բացի դրանից, նույն կանոնախմբի հաջորդ կետում (3) նշված է, որ թույլատրվում է մեծատառի ազատ գործածություն մի շարք դեպքերում, որոնցից մեկը Հայոց եկեղեցու պաշտոնական լեզուն է։ Իսկ Հայոց եկեղեցու պաշտոնական լեզվում Սբ ԾնունդԾնունդ-ը երբեք փոքրատառով չի գրվում։ Ուստի մենք իրավունք ունենք Հայոց եկեղեցու տոների անվանումները գրելու այնպես, ինչպես ընդունված է եկեղեցու պաշտոնական լեզվում։ Սակայն, ինչպես վերևում արդեն գրեցինք, այս Ծնունդ-ը մեծատառով գրելու պատճառը ոչ թե կրոնական է, այլ այն, որ դա է տոնի հիմնական անունը, իսկ Սուրբ-ը՝ ընդամենը հավելված։

Բերենք հայ գրականությունից մի քանի օրինակ, որտեղ երևում է, որ տոնի բուն անունը Ծնունդ-ն է։

Առհասարակ Ջավադ-խանը բավական սեր է ունեցել դեպի հայերը, նա հաճախում էր հայոց եկեղեցին և Ծննդյան տոնին փող էր ընծայում, որ խաչը իր անունով ջրից հանեն: (Րաֆֆի, «Երկու ամիս Աղվանից և Սյունյաց աշխարհներում»)

Նշխարք շինելիս` մեկ կամ երկու ֆունտ ալյուր տուն տանել, պատրաստած նշխարքը գողանալ ուտել և կամ մեկ բանի հետ փոխել, Զատկի տոնին քահանայի հետ խաչ ու Ավետարանով տնե տուն ման գալ, ներկած ձվեր կամ եղոտ բլիթներ հավաքել, Ծննդյան տոնին «Այսօր տոն է»-ի ման գալ, փող ու չոր միրգ հավաքել... (Ռափայել Պատկանյան, «Մոնթեն մինչև վեր»)

Հիշո՞ւմ եք, տիկին Աշինգեր, ձմեռը Ծննդյան տոնին մի անգամ եկա և պարոնի համար կարկանդակ բերի: (Ակսել Բակունց, «Խաչատուր Աբովյան»)

Ծննդյան տոնն է, և նա շտապում է ավետիք տանել իր բոլոր ծխականներին: (Ստեփան Զորյան, «Ցանկապատ»)

Նոր տարվա շնորհավորական փոխայցելությունները դեռ չէին դադարել, երբ վրա հասավ Ծննդյան տոնը: (Մկրտիչ Խերանյան, «Ձայն տուր, ով ծովակ»)

Միայն թե շուտ վերջանա այս տարօրինակ ժողովուրդը, միայն թե եկող Ծննդյան տոնին ավարտվի պատերազմը: (Խաժակ Գյուլնազարյան, «Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը»)

Ծննդյան տոնին խառնված է և նոր տարվա գալուստը, ամենուր տոնածառներ են, կարմրակապ ու ճերմակամորուս ձմեռ պապիներ, եկեղեցու շուրջը բացված բարեկենդանի տոնավաճառ.... (Սիլվա Կապուտիկյան, «Գույներ նույն խճանկարից»)

Ծննդյան տոնին հավաքվածներից չկային միայն Սեմն ու Սյուզին, մի շաբաթ առաջ նրանք արդեն վերադարձել էին Հարավային Ամերիկա: (Վարդգես Պետրոսյան, «Կրակե շապիկ»)

1/5/24

Այբուբենի աղոթքի մասին

Հավանաբար շատերը գիտեն «Այբուբենի աղոթքի» մասին («Արարիչ Բովանդակ Գոյութեանց Դատաւոր Երկնից....»)։ Շատերը գիտեն այս աղոթքը, բայց, որքան հասկանում եմ, մարդկանց մեծ մասը չգիտի, թե ով է դրա հեղինակը։ Երբեմն տեսնում եմ, որ այն վերագրում են Մեսրոպ Մաշտոցին, մի տեղ էլ գրված է, թե Ղազար Ջահկեցին է «18-րդ դարում Աստծուց ստացել»։

Այս աղոթքի հեղինակը լեզվաբան Պողոս Պողոսյանն է, որն ուսումնասիրում էր միջնադարյան «յոթնագրյանք» կոչվող ժողովածուները։ Նա այս աղոթքը ՀՈՐԻՆԵԼ և տպագրել է յոթնագրյանքին նվիրված իր մի հոդվածում (««Յոթնագրյանքի» գաղտնիքները», «Գարուն», 1987/2, էջ 92), ապա նույն թեմայով մենագրությունում (1600-ամյա գաղտնիքներ, Երևան, 1991, էջ 100-101)։

Նա վերցրել է միջնադարյան վերոնշյալ ժողովածուներում եղած բառացուցակներից որոշ բառեր (ընդ որում գործածել է տարբեր ժողովածուների ցուցակների բառերը, ոչ թե միայն մեկ ցուցակի), դրանք անհրաժեշտաբար քերականական ձևափոխության ենթարկել, երբեմն նոր բառ ստեղծել ձեռագրում եղած բառի արմատից, հարմար բառեր չգտնելու դեպքում էլ ինքը մի բան հորինել և ստացել այն աղոթքը, որ հայտնի է «Այբուբենի աղոթք» անվամբ։ 

Այս աղոթքում եթե որոշ բառեր փոխվեին, աղոթքը շատ ավելի հաջող կլիներ, իհարկե։ Օրինակ՝ «Դատաւոր Երկնից»-ի «Երկնից»-ն իմաստային առումով հաջող չէ, կարող էր նույնարմատ «Երկնաւոր»-ը լինել, և շատ ավելի լավ բան կունենայինք արդյունքում։ Պողոսյանի գրած «Չարեաց Պատաղիչ»-ը ոչ ոք չի հասկանում, ուստի մարդիկ իրենք են այն սրբագրել ավելի հասկանալի, բայց անհեթեթ «Չարեաց Պաղատիչ»-ով, սակայն անհեթեթ բան են ստացել, որովհետև Քրիստոսը չարիքներին («չարեաց» նշանակում է «չարիքների», ոչ թե «չարերի») չի կարող «պաղատել»։ Այնպես որ, այս աղոթքի սիրահարներ, իմացե՛ք, որ այս աղոթքի հեղինակը գրել է «ՊաՏաՂիչ», որն ունի «խափանիչ» իմաստը և անշուշտ ավելի հարմար է «չարեաց»-ի կողքին լինելու (այս դեպքում բառակապակցությունը կնշանակի «չարիքների խափանիչ»)։

Ինչևէ։ Այս աղոթքը հետաքրքիր բան է։ Եթե մարդիկ այն սիրում են, դրանով աղոթում, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Միայն թե պետք չէ այն վերագրել Մեսրոպ Մաշտոցին կամ մեկ ուրիշ հանրահայտ եկեղեցական գործչի։ Հիշե՛ք․ այս աղոթքի հեղինակը լեզվաբան Պողոս Պողոսյանն է։ Նաև կատարեք վերոնշյալ սրբագրություն-վերականգնումը, եթե Աստծուն անհեթեթ բաներ չեք ուզում ասել։

Ներքևում նկարներով ներկայացնում եմ Պողոս Պողոսյանի վերոհիշյալ հոդվածից ու գրքից այն հատվածները, որտեղ տպագրվել է «Այբուբենի աղոթքը»։ Ինչ վերաբերում է հոդվածին ու գրքին, է՜, եկեք դրանց մասին շատ չխոսեմ, անլուրջ բաներ են (ներքևում՝ նկարներից հետո, մի քանի ավել բան գրել եմ այս մասին)։ Թող ների ինձ երջանկահիշատակ պրն Պողոսյանը։



«Գարունում» տպված հոդվածի համապատասխան մասը*





Մենագրության համապատասխան էջերը


* Նկարի տեքստում եթե կարդացիք այն մասին, որ Կորյունի գրքում իբր 49 անգամ են գործածված նշված աստվածային անունները, ապա իմացե՛ք, որ դա ճիշտ չէ։ Ինքներդ կարող եք հաշվել Կորյունի գրքի առցանց համաբարբառի օգնությամբ։ Գտեք Պողոսյանի նշած բառերը և տեսեք, թե քանի անգամ են գործածված։ Պողոսյանի հիշված աշխատանքներին բնորոշ են այդպիսի «զարմացնող» ապատեղեկատվությունը, «զարմանալի» եզրահանգումներն ու անաղբյուր տեղեկույթը, որի աղբյուրը քանի որ հեղինակը զլացել է նշել, դու ինքդ ես ուզում փնտրել-գտնել, և ապարդյուն։ 




12/16/23

Անվանումների ստեղծում (շարադասություն)

Հայերենում շատ տարածված են շարադասական սխալները, հատկապես երբ հատկացուցիչ-հատկացյալ կառույցն ունենում է լրացումներ։ Շատ հաճախ այդ լրացումները ճիշտ տեղում չեն դրվում, որից իմաստային խնդիր է առաջանում։ Օրինակ՝ կարդում ենք. «Հարգելի՛ խմբի անդամներ», որտեղ «հարգելի»-ն սխալ դիրքում է, քանի որ լրացնում է «խմբի» բառին, թեև պիտի լրացներ «անդամներ»-ին։

Շարադասական այս երևույթը հատկապես խնդրահարույց է կայուն բառակապակցությունների կամ անվանումների դեպքում։ Ուստի որևէ նոր անվանում ստեղծելիս, եթե այն բառակապակցության տեսք ունի, միշտ հաշվի առեք ներքոբերյալը։

Երբ ստեղծում ենք որևէ անվանում, որը կազմված է երկու գոյականից՝ հատկացուցչից և հատկացյալից (արյան գնդիկ, գիտության լաբորատորիա, հողի հարկ և այլն), ապա հետագայում այդ կայուն բառակապակցությունները նախադասության մեջ գործածելիս կարող ենք խնդիրներ ունենալ։ Եթե այդ ամբողջ անվանմանը նախորդի որևէ բառ, որը վերաբերում է այդ անվանման մեջ գլխավոր իմաստն արտահայտող գոյականին՝ հատկացյալին (մեր բերած օրինակներում՝ գնդիկ, լաբորատորիա, հարկ), ապա շարադասական և իմաստային խնդիր ենք ունենալու, քանի որ նախորդող բառը վերաբերելու է ոչ թե հատկացյալին, այլ դրան նախորդող հատկացուցչին։

Գիտության լաբորատորիա [երկու գոյական՝ հատկացուցիչ + հատկացյալ]

Ընդարձակ ու լուսավոր գիտության լաբորատորիա [ընդարձակ-ն ու լուսավոր-ն այստեղ վերաբերում են գիտության-ը, ոչ թե լաբորատորիա-ին]

✗ Աշակերտների համար նախատեսված գիտության լաբորատորիա [նախատեսված-ն այստեղ վերաբերում է գիտությանը, ոչ թե լաբորատորիային]

Վերևի օրինակներում ընդարձակ-ը, լուսավոր-ը և նախատեսված-ը, «գիտության» բառից առաջ դրվելով, վերաբերում են գիտության-ը, թեև պետք է վերաբերեին լաբորատորիա-ին։

Սովորաբար նման դեպքերում ինչպե՞ս ենք վարվում հայերենում։ Հատկացուցիչն ու հատկացյալն իրարից բաժանում ենք և հատկացյալին վերաբերող լրացում(ներ)ը դնում դրանց միջև։ Երբեմն այսպես վարվելիս ստիպված ենք լինում նաև բութի օգնությանը դիմելու, եթե կարող է իմաստային շփոթ առաջանալ։

Գիտության ընդարձակ ու լուսավոր լաբորատորիա

Գիտության՝ աշակերտների համար նախատեսված լաբորատորիա

Սակայն եթե «գիտության լաբորատորիա»-ն լաբորատորիայի տեսակի անվանում է, կայուն բառակապակցություն, որի բաղադրիչները ցանկալի չէ բաժանել իրարից, կանգնում ենք խնդրի առաջ։ Բաղադրիչներն իրարից բաժանելը ճիշտ չէ, բայց ճիշտ չէ նաև բառակապակցության հատկացյալին վերաբերող լրացումները հատկացուցչից առաջ դնելը, որը իմաստային սխալ է առաջ բերում. մի բանի փոխարեն մի ուրիշ բան ենք ասում։

Հետևաբար, ո՞րն է ելքը։ Ելքն այն է, որ անվանումներ ստեղծողները, հաշվի առնելով հայերենում ծագող շարադասական այսպիսի խնդիրները, ի սկզբանե ոչ թե հատկացուցիչ+հատկացյալ (այսինքն՝ երկու գոյականով) կառույց ստեղծեն, այլ որոշիչ+որոշյալ (այսինքն՝ ածական + գոյական)։ Եթե վերոբերյալ օրինակներում «գիտության» բառի փոխարեն լինի «գիտական» կամ «բնագիտական», այլևս որևէ շարադասական կամ իմաստային խնդիր չի ծագի։

✔ Ընդարձակ ու լուսավոր բնագիտական լաբորատորիա [ածական ու գոյական]

✔ Աշակերտների համար նախատեսված բնագիտական լաբորատորիա

Ինչպես տեսնում եք, այսպիսի (ածական+գոյական) կառույցը ոչ մի խնդիր չի առաջացնում․ ոչ կարիք կա դրա բաղադրիչներն իրարից հեռացնելու, ոչ էլ որևէ իմաստային խնդիր է ծագում։

Մյուս ելքն ընդհանրապես հրաժարվելն է բառակապակցությունից և անվանման համար նոր բառ ստեղծելը (օրինակ՝ արնագնդիկ կամ հողահարկ), որովհետև այս դեպքում նույնպես հետագայում շարադասական ու իմաստային աղավաղման խնդիրներ չենք ունենա։


12/14/23

Քաղքենիական լեզու

Այսօր հետաքրքիր բան իմացա Գոհար Գասպարյանի մասին․ նրա մեծ տատը արաբ է եղել՝ եգիպտացի սուլթան Հուսեյնի քույրը։ Գոհար Գասպարյանը լավ երգչուհի էր, անուշ ձայն ուներ, որը ես շատ սիրով եմ լսում։ Բայց ի՞նչ կապ ունի մի լավ կամ շատ լավ, հանրահայտ կամ  թեկուզ աշխարհահռչակ երգիչը, դերասանը, երաժիշտը, մարզիկը, թեկուզ գիտնականը, գրողը կամ հասարակական գործիչը «արժեքի» հետ. այս մարդիկ կարող են որևէ մնայուն արժեք ստեղծել մարդկության համար, բայց իրենք արժեք չեն։ Գոհար Գասպարյանի մասին հոդվածի սկզբում գրված է. «Կամաց-կամաց մոռացվող արժեքներ...»՝ նկատի ունենալով հենց Գոհար Գասպարյանին։ Երևի ես «արժեք» ասելով ուրի՞շ բան եմ հասկանում։ 

Մեկ էլ շատ սիրում են այս կամ այն հանրահայտ մարդուն կոչել «լեգենդ» կամ «լեգենդար», նույնիսկ երբ այդ մարդը դեռ ողջ է։ Միշտ չեմ հասկացել ու չեմ հասկանա մարդկային այս մտածելակերպն ու մարդուն այսպիսի բառերով նկարագրելու հանդեպ սերը։ Այսպիսի մարդամեծար լեզուն քաղքենիական է, կեղծ և գոնե ինձ ու ինձ պես մտածող մարդկանց համար տհաճ։ Այնպես որ եթե ձեզ համար կարևոր է, որ ձեր գրածը որևէ մեկի մեջ տհաճության զգացում չծնի, խուսափե՛ք մարդուն այսպիսի բառերով բնորոշելուց։ Մարդուն գնահատելու շատ ավելի անպաճույճ ու իրատեսական բառեր կարելի է գտնել։ 

Այս մարդամեծարական մտածելակերպը ես նույնիսկ մանկական ու տհաս եմ համարում։ Որովհետև ամեն անգամ ամոթով եմ հիշում, թե ինչպես եմ Կոմիտասի մասին ասել «Կոմիտասն աստված է», երբ դեռ ցածր դասարանների աշակերտ էի և կարգին չգիտեի էլ, թե աստվածն ինչ է և Կոմիտասը՝ ով։ Հավանաբար ինչ-որ մեկից լսել կամ մի տեղ կարդացել էի «աստվածային Կոմիտաս» ու կարծում էի, թե մարդկանց մասին հիացմունք արտահայտելիս նրանց կարելի է նաև այդպես կոչել։ Կարելի է, իհարկե, ամեն ինչ էլ կարելի է, բայց շատ տհաճ է։ 

Գուցե մի ուրիշն այսպիսի ոճը մի այլ՝ ավելի հաջող անունով կոչի, ոչ թե «քաղքենիական»։ Բայց առայժմ այն իմ մտքում քաղքենիության հետ է զուգորդվում։


12/12/23

Ծնողավարությո՞ւն

Վերջին շրջանում շատերն անգլերեն parenting-ը, որ այլ բան չի նշանակում, քան ծնողական դաստիարակություն, թարգմանում են անհեթեթ ծնողավարություն բառով։ Սակայն ծնողավարություն նշանակում է ծնողին վարել, ինչպես որ ձիավարություն-ը ձի վարել է նշանակում, իսկ մեքենավարություն-ն էլ՝ մեքենա վարել։

Իբրև հակափաստարկ բերվում է այն, որ ծնողավարություն-ը կարող է նշանակել նաև ծնողի կողմի՛ց վարվել (հմմտ. համայնավարություն, ժողովրդավարություն)։ Սակայն այս դեպքում էլ հասկանալի չէ վարել-ը։ Ծնողի կողմից «վարվում» է երեխա՞ն։ Երեխային հայերենում կարելի է վարե՞լ։ Կամ ծնողի պարտականությունը երեխային վարե՞լն է։ Երեխային դաստիարակելն ու մեծացնելը երեխային վարե՞լ է նշանակում։ Ինչպես էլ որ բացատրենք ծնողավարություն-ը, այն խիստ անհաջող կազմություն է։ Պետք է հաշվի առնել նաև, որ հայերենում վարել բայի կրավորականը՝ վարվել-ը, սովորաբար չի գործածվում այդ նույն իմաստով։ Եթե կարող ենք ասել՝ անչափահասը վարում էր մեքենան կամ օրիորդը վարեց իր ձին, ապա կխուսափենք ասելուց՝ մեքենան վարվում էր անչափահասի կողմից կամ ձին վարվեց օրիորդի կողմից։ Որովհետև հայերենում վարվել բառաձևն առաջին հերթին ընկալվում է որպես չեզոք սեռի բայ, որը նշանակում է հարաբերվել մեկի հետ (մեկի հետ վարվել)։ Ուստի «վար» երկրորդ բաղադրիչով բոլոր այն կազմությունները, որոնց առաջին բաղադրիչը բացառական կամ գործիական հոլովի իմաստով է գործածվում, անհաջող են։ Նույնպես անհաջող են համայնավար կամ համայնավարություն և ժողովրդավար կամ ժողովրդավարություն բառերը (չնայած որ վերջինն արդեն շատ տարածվել է)։ Ենթադրում ենք՝ մարդկանց մեծ մասը բացառական հոլովի իմաստն այս կազմություններում չի ընկալում։ Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ մարդիկ «ժողովրդավարություն»-ը հասկանում են որպես ժողովրդին վարել և ոչ թե ժողովրդի կողմից վարվել։